Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Մարդը, ինչ պաշտոնի էլ հասնի, երբեք չպետք է հեռանա իր ակունքներից և մոռանա, թե ինչից է սկսել»

«Մարդը, ինչ պաշտոնի էլ հասնի, երբեք չպետք է հեռանա իր ակունքներից և մոռանա, թե ինչից է սկսել»
21.08.2009 | 00:00

«ՀԻՄՆԱՎՈՐՎՈՂ ՃԻՇՏԸ ԼԱՎ Է ԸՆԿԱԼՎՈՒՄ»
Պաշտպանության նախարարները երևի թե բոլոր երկրներում քչախոս են։ Այդ հանգամանքը, թերևս, պայմանավորված է այն իրողությամբ, որ նրանք ավելի շատ աշխատում են և խոսելու ժամանակ չունեն։ Կարելի է ասել` դա նաև քաղաքականությունից զերծ մնալու տարբերակ է։ Այս առումով ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ բացառություն չէ։ Նրա մասին խոսում են որպես համեստ մարդու, չնայած նման պաշտոնում հնարավոր չէ բացառել նաև դժգոհությունները։ Բայց, որքան էլ տարօրինակ է, դրական վերաբերմունքն ավելի շատ է։
Մեր զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ՄԱՐՏՆՉՈՂ ԱԶԳ Է ԵՎ ՄՈՏ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ»
-Ամառվա թեժ շրջանն է, սակայն Դուք արձակուրդում չեք. հետևում եք վարչապետի հորդորի՞ն` աշխատել այս ժամանակահատվածում։
-Իհարկե, վարչապետի խոսքը հարգում եմ։ Բացի այդ, շատ անելիքներ ունեմ։
-Հետաքրքիր խոստովանություն է։ Թերևս հարկ է նշել, որ միջազգային կառույցները պաշտպանության նախարարության աշխատանքները բավականին բարձր են գնահատում։ Անկախ այդ գնահատականներից` Դուք փաստում եք, որ անելիքները շատ են։ Կհստակեցնե՞ք` հատկապես ինչի մասին է խոսքը։
-Կարծում եմ` ոչ թե համակարգի վիճակը պետք է առաջնային գնահատել, այլ յուրաքանչյուր անձի կատարած աշխատանքը, և այն վերլուծել երկու ուղղություններով։ Առաջինը` ի՞նչ է արել, որպեսզի հարգի նախկին պաշտպանության նախարարների քրտնաջան աշխատանքը, պահպանի եղած ձեռքբերումները, և ինչ քայլեր է իրականացնում, որպեսզի համակարգն իր ղեկավարության ժամանակահատվածում զարգանա։ Նախարարությունը գլխավորելու այս մեկուկես տարվա ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում (գլխավոր շտաբի պետի պաշտոնում) հիմնական աշխատանքները եղել են կազմակերպչական բնույթի` պլանավորում, աշխատանքների հստակեցում, վերահսկողություն, արդարության և ազնվության սկզբունքների ձևավորում, մարդկանց աշխատանքը գնահատելու, կոլեկտիվը համախմբելու և այլն։ Կարծում եմ` որակական փոփոխությունները կազմակերպչական բնույթի աշխատանքների արդյունքում են լինելու։ Ի վերջո, յուրաքանչյուր անձ ազատ և համարձակ աշխատանքի հիմքում է ձևավորում իր գործելաոճը, և համակարգի աշխատակիցները պետք է դրան ընտելանան։
-Հե՞շտ է Հայաստանում ղեկավարել զինված ուժերը։ Հարցնում եմ, ելնելով այն հանգամանքից, որ մեր երկրում յուրաքանչյուր առավոտ արթնանում է 3 մլն «թագավոր»։ Բացի այդ, ճի՞շտ են այն շեշտադրումները, թե հայերը մարտնչող չեն, թե օրենքին հեշտ չեն ենթարկվում։
-Կասեի ճիշտ հակառակը։ Հայ ժողովուրդը պատմության ընթացքում միշտ էլ ապացուցել է, որ մարտնչող ազգ է և մոտ է ռազմական արվեստին։ Այդ մասին են վկայում ոչ միայն հայ զավակները, ովքեր պայքարել են Հայաստանում, դրա վառ օրինակն են նաև ռազմական մեծ համբավ ունեցող մեր զորավարները, ովքեր ծառայել են տարբեր երկրների բանակներում և առաջատարներից են եղել։ Այսօրվա հայկական բանակը յուրահատուկ է հայ ժողովրդի համախմբվածության, ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարում հաղթելու շնորհիվ։ Այն կայացել ու զարգացել է պատերազմական թոհուբոհին զուգահեռ։ Դժվար է մարտնչել և զուգահեռաբար բանակ ձևավորել, բացի այդ` նաև զարգացնել։ Մեր բանակը յուրահատուկ է նաև շնորհիվ այն հանգամանքի, որ հայորդիներն այժմ պաշտպանում են բացառապես իրենց երկրի սահմանները։ Բոլորն էլ հայրենիքի զավակներ են և բոլորն էլ հասկանում են, որ պետք է մեր երկիրը պաշտպանել։ ՀՀ ժամանակակից բանակը հերքում է այն մոտեցումը, նախկին խորհրդային բանակում ձևավորված այն տեսակետը, թե հայերը ձգտում են ավելի հեշտ վայրերում ծառայել։ Ժողովրդի մեծամասնության բարձր գիտակցական վերաբերմունքի շնորհիվ է, որ կարողացել ենք հաղթանակ տանել։
-Դուք, գործի բերումով, ավելի շատ ու սերտ եք շփվում նոր սերնդի հետ։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ժամանակակից երիտասարդությունը։ Չե՞ք կարծում, որ լրատվամիջոցներով, հատկապես հեռուստատեսային հաղորդումներով ու ֆիլմերով հայրենասիրության ոչ ճիշտ քարոզչություն է տարվում։ Ավելին` արժեքների փոփոխություն է տեղի ունեցել, առաջին պլան են մղվել փողն ու անպատկառությունը։ Արդյոք սա վատ չի՞ ազդում բանակի վրա։
-Անկասկած, պարտավոր ենք հասկանալ. մեր նորօրյա պատմության կարևորագույն արժեքը մեր ժողովրդի ազատությունն է և այդ ազատության պայքարում տարած հաղթանակի նվաճումները, որոնք պետք է պահպանել։ Այդ արժեքը պահպանելու համար պետք է պատշաճորեն գնահատել այն ամենը, ինչի շնորհիվ կարողացել ենք հաղթել, ինչպես նաև դրա արդյունքից բխող հետևանքները ճիշտ ներկայացնել հասարակությանը և հատկապես մատաղ սերնդին, որպեսզի նրանք էլ ըմբռնեն դրա կարևորությունը։
-Ասել է` պաշտպանության նախարարությունն այդ գործընթացում անելիք չունի՞։
-Նախարարությունը մեծ դերակատարում ունի։ Արդեն ասացի, որ ձեռք բերված արժեքների դերը վերջին տարիներին, ցավոք, պատշաճ կերպով չի մատուցվել մատաղ սերնդին ու հասարակությանը, ինչը, կարծում եմ, պայմանավորված է հասարակության որոշ խավերի հետաքրքրության և ընդհանուր համակարգի բացակայությամբ։ Իհարկե, մեր նախարարությունն անելիքներ ունի, և, որպես օրինակ, նշեմ, որ սպառնալիքների գնահատման, ուսումնասիրության ծրագրում հայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է երկրի պաշտպանության համար։ Այս հարցում կարևոր է ոչ միայն նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այլև ողջ բնակչության հեռանկարային դաստիարակության խնդիրները։ Նշվածից ելնելով` որոշել ենք մշակել հայեցակարգ, և դրա շուրջ աշխատանքներ են իրականացվում։ Անշուշտ, պաշտպանության նախարարությունն այդ առումով պետք է աշխատանք տանի տարբեր խավերի հետ։ Առաջինը` ապագա զինծառայողների։ Հուրախություն մեզ, կան շատ երիտասարդներ, ովքեր օժտված են հայրենասիրական մեծ հատկանիշներով։ Իհարկե, կա նաև զինծառայությունից խուսափող խավ, որը բոլոր երկրներում և ժամանակներում էլ եղել է, կա ու կլինի։ Այս հատվածի հետ յուրաքանչյուր երկիր և ազգ հույս չի կապում, սակայն մենք, ելնելով մեր տարածաշրջանային իրավիճակից և բնակչության թվաքանակից, պետք է առավելագույնս ձգտենք, որ բոլորն իրենց մասնակցությունը բերեն երկրի պաշտպանության գործին։ Հայրենասիրությունը հերոսական կատեգորիա չպետք է համարվի, այն պետք է ձևավորված լինի յուրաքանչյուրի մեջ և զարգանա։ Երկրորդ` բանակը պետք է աշխատի նաև այն խավի հետ, որը զինծառայությունն ավարտելուց, մարտական պատրաստվածություն ձեռք բերելուց հետո համարվում է զորահավաքային ռեսուրս, պահեստազորային և պետք է պատրաստ լինի, անհրաժեշտության դեպքում, կանգնելու բանակի կողքին ու երկիրը պաշտպանելու։ Երրորդ` ի վերջո, եթե մենք ունենք բարոյականություն, չպետք է մոռանանք մեր կռվող ընկերներին, մանավանդ նրանց, ովքեր պատերազմում տուժել են, ու պետք է սերտորեն համագործակցենք պատերազմի արդյունքում ձևավորված ազատամարտիկների, զոհվածների, անհայտ կորած մարտիկների հարազատների և պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների կազմավորած հասարակական կազմակերպությունների հետ ու աջակցենք: Չորրորդ` պետք է պահպանել մեր պապերից ժառանգած հերոսական ոգին, սխրանք գործելու ունակությունը։ Այնպես որ, հայրենասիրությունը պետք է սերմանել մանկուց և յուրաքանչյուրի մեջ: Այդ առումով քննադատության առարկա են այն ԶԼՄ-ների աշխատանքները, որոնք ուղղված չեն երկրի անվտանգության համակարգի ձևավորմանը, հայրենասիրության դաստիարակմանը։ Շատ քննադատաբար եմ վերաբերվում այն ֆիլմերին, հոդվածներին, որոնք տեղին-անտեղի առաջին հերթին քննադատում են բանակն ու կռվող տղաներին և ցուցադրում են այնպիսի ֆիլմեր, որոնց հիմքում փողոցային, գողական կեղծ հեղինակությունների քարոզչությունն է տարվում, և այդ հիմքերի վրա ձևավորվում են կեղծ բարքեր։
-Որն իրականում այնքան էլ այդպես չէ։
-Այո, սակայն այդ կեղծ կատեգորիաները ներմուծվում են բանակ։ Ի վերջո, բանակը չի կարող հասարակությունից դուրս լինել, և չես կարող 18 տարի այլ արժեքներով դաստիարակված անձին միանգամից փոխել։ Ինչ խոսք, զինվորական կարգապահության պահանջներից ելնելով, կարող ես նրա առջև որոշակի սահմանափակումներ դնել, արգելել, սակայն վերաբերմունքը, գիտակցությունը փոխել այդ կարճ ժամանակահատվածում շատ դժվար է: Հատկապես, երբ մեր բանակը հարյուրամյակների պատմություն չունի, և սպայական կազմում նույնպես լինում են մարդիկ, ովքեր դեռևս չունեն մանկավարժական կենսափորձ, որ կարողանան ճիշտ ժամանակին դաստիարակել ու փոխել ոչ ճիշտ դաստիարակություն ստացած զինծառայողի գիտակցությունը։ Կարևորն այն է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում նաև այս ուղղությամբ` վերապատրաստման միջոցով բարձրացվում են սպայական կազմի մասնագիտական ունակությունները, և նրանք ավելի պատրաստված են դառնում ոչ միայն զուտ ռազմական, այլ նաև մանկավարժական, հոգեբանական հմտությունների առումով: Մյուս կողմից` բանակը համալրվում է բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն (ՌՈՒՀ) ավարտած սպաներով, և ուրախալի է, որ մեծ թիվ են կազմում արդեն մեր ՌՈՒՀ-երն ավարտած սպաները:
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՋ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՐՁԱԿ»
-Պաշտպանության նախարարի պաշտոնը ծանրագույններից մեկն է։ Դա Ձեր մանկության կապույտ երազա՞նքն է եղել
։
-Սկսած վաշտի հրամանատարի պաշտոնից, որը ստանձնել եմ 1986-ից, երբևէ որևէ պաշտոն չեմ խնդրել։ Վերադասը նկատել ու գնահատել է կատարվածը։ Կարծում եմ` ընդհանուր առմամբ, կայացած զինվորականի կամ այլ մասնագետի համար պաշտոն խնդրելը ճիշտ չէ։
-Խնդրելը` թերևս, բայց կատարած լավ աշխատանքը զգացնելը կամ ցույց տալը գուցե և ճի՞շտ է։
-Աշխատանքների ընթացքում առաջարկություններով հանդես գալը, համարձակ հիմնավորումներ ներկայացնելը, այո՛, կարևոր են, բայց ոչ խնդրելը։ Միևնույն ժամանակ մեր բնագավառում գործում է հետևյալ տեսակետը` «Վատն է այն զինվորը, ով չի ուզում գեներալ դառնալ»։ Հատկապես, երբ սպա ես և ճակատագիրդ կապել ես զինվորական կյանքի հետ, հեռանկարում տեսնում ես կարիերայի աճի հնարավորություն, ձգտում ես առաջխաղացման։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնին, որպես զինվորական, երբեք չեմ ձգտել, առավել ևս զինվորական համազգեստը քաղաքացիականով փոխարինելով։ Գիտեմ, որ ամենակարևորն այն է, որ մարդը, ինչ պաշտոնի էլ հասնի, երբեք չպետք է հեռանա իր ակունքներից և մոռանա, թե ինչից է սկսել։ Դրա հետ մեկտեղ` վատն է այն զինվորականը, գեներալը, որը հոգով դադարում է զինվոր լինելուց։ Ի դեպ, նկատենք, որ դպրոցն ավարտելուց հետո բոլորն իրենց կյանքը սկսում են հավասար պայմաններում` մասնագիտական ընտրություն կատարելուց հետո նոր ճանապարհ է սկսվում։ Այնուհետև սկսվում է աշխատանքային աճը` ըստ մասնագիտական ունակությունների։ Եվ յուրաքանչյուրի մոտ այդ աճի տեմպերը տարբեր են լինում։ Հնարավոր է նաև, որ աճ չարձանագրվի ընդհանրապես, սակայն մարդը մնում է մարդ` անկախ իր դիրքից։ Եվ չպետք է մոռանալ ելման այն բնագիծը, որը նաև հասարակ մարդու, բանվորի, զինվորի բնագիծն է, որը յուրաքանչյուր անհատի համար աշխատանքային կապերի ձևավորման երաշխիքն է։ Եթե կտրես քեզ հիմնական հաջողություն և բարձր արժեքներ բերող մարդուց, նրա նկատմամբ հոգատար չլինես, չհարգես նրա արժանապատվությունը, ապա կզրկվես իրականությունից։ Արդյո՞ւնքը` անջրպետ է առաջանում ղեկավարի ու ենթակայի միջև։ Եվ այդ շինծու բարձունքներից կարող ես այնպես ընկնել, որ այլևս չբարձրանաս։
-Ամեն դեպքում, մարդկային չափանիշների մեջ ի՞նչն եք կարևորում։
-Լինել համեստ, հասարակ, քչով բավարարվել, լինել սկզբունքային։ Եվ ամենակարևորը` դրանց երբևիցե չդավաճանել։ Տարիների փորձից դաս եմ առել, որ աշխատանքի մեջ ղեկավարը պետք է լինի համարձակ։ Ի վերջո, ղեկավարի ամենակարևոր հատկություններից մեկն այն է (հատկապես հայկական իրականությունում, երբ ընկեր-բարեկամ կապը շատ մեծ է), որ կարողանա «ոչ» ասել, ինչը նշանակում է ճիշտն ասել։ Հայաստանը փոքր երկիր է, մեկը մյուսին բարեկամ-ազգական կապը սերտ է և դժվար է ասել «ոչ», իսկ եթե չասես, կնշանակի թույլ տալ օրենսդրական կամ աշխատանքային խախտում։ Մշտապես բարի լինելը չի նշանակում արդար լինել: Դրա համար յուրաքանչյուրը պետք է կարողանա մի փոքր «փողկապը ձգել» ու ասել` չի կարելի։ Ի վերջո, եթե ճիշտն ասվում և հիմնավորվում է, ապա դիմացինը դա շատ լավ է ընկալում։
-Անկախ նրանից` ո՞ւմ եք ասում` «ոչ»։ Չէ՞ որ խնդրանքներով, հանձնարարություններով Ձեզ կարող են դիմել և այնպիսի մարդիկ, որոնց չեք կարող մերժել` ելնելով հենց նույն հայկական իրականությունից։ Օրինակ` որոշ պատգամավորներ, նախարարներ իրենց տղաների ծառայությունը հարմար վայրերում ապահովելու համար դիմում են պաշտպանության նախարարին, և դա գաղտնիք չէ։
-Նախ փաստեմ` ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որ նման հարցերով ինձ շատ քիչ են դիմում։ Հասկացրել եմ, որ դա իմ գործը չէ։ Մարդկանց հարկավոր է բացատրել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն, ինչպես, օրինակ, իմ զավակները։
-Ձեր զավակները Ձեր բնակավայրից հեռո՞ւ են ծառայում։
-Այո՛։ Իմ ավագ որդին սպա է, վաշտի հրամանատար, ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ միջնեկ որդիս ինստիտուտի առաջին կուրսից հետո զորակոչվել է։ Չխախտելով սահմանված օրենքը` ծառայել է Ղարաբաղի ծայրամասային հատվածում, իսկ ծառայությունից հետո շարունակում է ուսումը բուհում: Մյուս երկու երեխաներս փոքր են։ Աղջիկս, բնականաբար, չի ծառայի, իսկ տղաս 3,5 տարեկան է և արդեն դրսևորում է զինվորականության նկատմամբ հակումներ։
«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ»
-Պարոն նախարար, մեկ-երկու քաղաքական հարց ունեմ, որոնք, եթե չտամ, կարծում եմ, ընթերցողը ճիշտ չի հասկանա, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են ղարաբաղյան հիմնախնդրին։ Մեթյու Բրայզան հայտարարեց զիջումների մասին` նշելով, որ դրանք կիրականացվեն փուլային տարբերակով հինգ տարվա ընթացքում։ Որքանո՞վ է այս մոտեցումն ապահով ռազմական անվտանգության տեսանկյունից։ Եվ նույն Բրայզան, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին, նշել է, որ պահպանվելու է ԼՂՀ-ի իրավական համակարգը։ Սա նշանակում է, որ ԼՂՀ-ի զինված ուժերը լուծարվելո՞ւ են, թե՞ ոչ։ Նկատի ունենանք, որ այս հարցի հստակեցումը նույնպես բխում է անվտանգության ապահովման շահերից։
-Այսօր, նաև պատերազմի տարիներին քաղաքական և ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնություններ չկան այս կամ այն հարցի շուրջ։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ մեր հիմնական սկզբունքները մնում են նույնը` ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցում, սա` մեկ, և երկրորդ` ԼՂՀ-ի սերտ կապը ՀՀ-ի հետ։ Որպես զինվորական` համոզված եմ` որքան ամուր լինի այդ կապը, այնքան հեշտ կլինի ապահովել անվտանգության խնդիրը, հատկապես, երբ մեր հայեցակարգում նշված է, որ ԼՂՀ-ի ժողովրդի նկատմամբ ունենք անվտանգության պահպանման պարտավորություն։ Եվ երրորդ` գերտերությունների երաշխիքներ ուժ չկիրառելու վերաբերյալ։ Սկզբունքներ, որոնցից երկուսը` ուժի չկիրառումն ու ժողովրդի ինքնորոշումը, այսօր էլ շրջանառության մեջ են։ Ինչ մնում է բուն խնդրի լուծմանը, ապա հակամարտության յուրաքանչյուր կողմ, բնականաբար, ձգտում է այն լուծել իր համար առավել շահավետ պայմաններով, և հավաստիացնում եմ, որ մեր պետության ղեկավարությունը մշտապես կանգնած է եղել ու լինելու է հենց այս դիրքում: Մենք բոլորս դա գիտակցում ենք, ինչպես նաև հասկանում, որ ԼՂՀ-ն չպետք է կազմի Ադրբեջանի ինչ-որ մաս։ Այսինքն` առաջնայինը ԼՂՀ-ի կարգավիճակն է, հետո` մնացածը: ԼՂՀ-ն Ադրբեջանի Հանրապետությունից անջատվել է խորհրդային ժամանակահատվածում` պահպանելով այդ ժամանակ գործող սահմանադրական և իրավական բոլոր սկզբունքներն ու պահանջները, ինչը փաստում է նաև պատմական ժամանակագրությունը։ Ընդ որում, Արցախի պատմական տարածքները շատ ավելի մեծ են եղել, քան այսօր ԼՂՀ-ինը։ Իհարկե, հարցի լուծման վերջնական տարբերակում Ղարաբաղը պետք է ունենա պետական կարգավիճակ բոլոր խորհրդանիշներով, իրավական կառույցներով։ Ընդ որում, առաջին հերթին բանակ, որ կարողանա պաշտպանել նրա անվտանգությունը։ Իսկ հարցի լուծման ռազմական փորձաքննությունը մենք մշակում ենք և միշտ էլ ունենալու ենք ձեռքի տակ, ինչն էլ անհրաժեշտության դեպքում կգործակդրվի։ Եթե Ադրբեջանն այսօր ուժային արտահայտություններ է անում հարցի լուծման վերաբերյալ, ապա այդ հայտարարություններին դիմագրավելու պատասխանն էլ մենք միշտ ունենք։
-Ինչպիսի՞ն է իրավիճակը դիրքերում։ Արդյո՞ք հակառակորդի դիրքերն առաջ են բերվել, և պատերազմի հավանականությունն իրատեսական համարո՞ւմ եք։
-Վերջին տարիներին դիրքերում տիրող իրավիճակն առանձնակի փոփոխության չի ենթարկվել։ Փոխհրաձգություններ և կրակոցներ հակառակ կողմերից մշտապես եղել են, և մենք հակառակորդի հրաձգություններին միայն պատասխանել ենք նշանառված կրակի դեպքում. հենց այնպես արված կրակոցներին չենք պատասխանել։ Սակայն երբ կրակն ուղղված է մեր զինվորների դիրքերին, սահմանամերձ խաղաղ բնակչության վրա, մենք դրանց պատասխանել ենք։ Ավելին` վերջին տարիներին իմ տված ցուցումներով անգամ անհրաժեշտ ենք համարել խախտողներին պատժել նույն կերպ` իրենց կատարած քայլերին համարժեք։ Դրա արդյունքում այս պահի դրությամբ առաջին գծում մենք գտնվում ենք պարտադրողի դիրքում։ Իսկ դա նշանակում է, որ մեր բանակի հնարավորությունները, եթե ոչ քանակական, ապա որակական (զինվորի պատրաստականության, մարտական ոգու և դիրքերի ինժեներական հագեցվածության) առումով թույլ են տալիս պարտադրողի իրավիճակը պահպանել։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին, դա մեզ համար նորություն չէ։ Մենք դրան միշտ էլ սպասում ենք և պատրաստ ենք։ Այդ հարցը մշտապես երկրի նախագահի հետ քննարկվում է, ինչն էլ պաշտպանության նախարարության հիմնական գործն է։ Ինչպես ՀՀ նախագահն ասաց. «Մենք կռվից չենք վախենում»։ Պետք է ասեմ, որ գոյություն ունեցող ուժերի քանակական անհամապատասխանությունը միշտ էլ եղել է, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ մեր զինվորի պատրաստվածությունն ինչ-որ չափով հետ է մնացել, քան իրենց զինվորինը։ Այնպես որ, մենք կարող ենք դիմակայել ցանկացած ագրեսիայի։ Ավելին` ունենք կանխարգելիչ միջոցառումների ծրագիր և անհրաժեշտության դեպքում այդ մեքենան կաշխատեցնենք։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ